Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները
19.11.2020 | 22:30

ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը: ԵՄ կայքէջում հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ ԵՄ-ն հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։ «ԵՄ-ն կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտության դադարեցմանը վերջ դնելու ուղղությամբ, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
ԵՄ-ն կրկին շեշտել է ուժի, մասնավորապես կասետային զենքի և այլ արգելված զինատեսակների կիրառման անթույլատրելիությունը «որպես հակամարտությունների կարգավորման միջոց»:


Դաշինքի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հիշեցրել է միջազգային իրավունքների՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին։ «ԵՄ-ն կարևորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ մարդասիրական մուտք, կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»:


Եվրամիությունն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում մշակութային ու կրոնական ժառանգության կառույցների պահպանման և վերականգնման կարևորությունը. «Բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է հետաքննվեն»:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ